Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թիրախն ամենևին էլ Հայրիկյանը չէր

Թիրախն ամենևին էլ Հայրիկյանը չէր
05.02.2013 | 00:45

Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձին հաջորդեց տեղեկատվական մեծ պայքարը: Բոլորը փորձում էին կատարվածից իրենց շահը կորզել, այն ուղղորդել իրենց ցանկալի հուն:
Թե՛ ներքին, թե՛ արտաքին արձագանքները բավականին տարբեր էին:
Իշխող ուժը` ՀՀԿ-ն, մահափորձից վայրկյաններ անց անմիջապես և շատ կոշտ, իր բոլոր դեմքերով արձանագրեց, որ կատարվածի հետևում քաղաքական ուժեր կան, դա ոտնձգություն էր պետականության դեմ, նպատակն էլ ընտրությունների հանդարտ ընթացքը խաթարելն էր:
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը ձեռնպահ մնացին «հետքեր»-մտքեր արձանագրելուց: Եթե չասենք, որ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» պարագայում ճիշտ հակառակն էր` մեղադրվեցին իշխանությունները: Ի դեպ, նույն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն դեպքին արձագանքեցին այն ժամանակ, երբ բոլորն արդեն արձագանքել էին: Եղան հայտնի քաղաքական գործիչներ էլ, որոնք ընդհանրապես չարձագանքեցին` Գագիկ Ծառուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան… Եվ եթե Տեր-Պետրոսյանի տարիքն այլևս «չի ներում» արձագանքելու համար, ապա ինչո՞ւ կեսբերան հայտարարությամբ հանդես չեկավ Ծառուկյանը, ով այդ նույն օրն արժանիորեն հասցրեց ցավակցել Վլադիմիր Ենգիբարյանին, խիստ անհայտ է:
Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանին, ապա նա ընդհանրապես շատ առաջ գնաց ու կատարվածի մեջ անչափ բաց տեքստով մեղադրեց Ռուսաստանին: Ճիշտ է` իմպերիալիստական:
Կատարվածում դրսի «հետք» տեսնելու առումով կարծիքները կիսվեցին. Ռուսաստան, Արևմուտք, թուրք-ադրբեջանական: Ելնելով անմեղության կանխավարկածից, անհեթեթ համարենք բոլոր այս պնդումներն էլ, այնուհանդերձ, ևս մեկ անգամ արձանագրելով, որ դրսի ուժերի ձեռքում կարող էր և լինել եթե ոչ մասնակցության ողջ «հսկիչ փաթեթը», ապա «փայ», անպայմանորեն, կարող էին ունենալ:
Դրսի մասնակցության հիմնական դրդապատճառները կարող էին վերաբերել Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքական ուղղվածությանը, ինչի առնչությամբ տևական ժամանակ, եթե կարճ ձևակերպենք, ընթանում է Քլինթոն-Էշտոն` մի կողմից, Պուտին-Լավրով` մյուս կողմից «գզվռտոցը». առաջինները պնդում են, որ թույլ չեն տա հետխորհրդային տարածքում ԽՍՀՄ-ի վերականգնումը, երկրորդները պնդում են` կտա՛ք:
Տարածաշրջանում և Հայաստանում այսօր կան երկու «գերան» հարցեր: Մեկը Եվրասիական միությանն անդամակցումն է, մյուսը` Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը: Վերջինս հատկանշական է այն առումով, որ գործարկումն ապահովելու համար խոսվում է խաղաղապահ ուժերի, հիմնականում ՀԱՊԿ զորամիավորումների տեղակայման մասին:
Իր հերթին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սառը պատերազմը, փոխադարձ խայթոցները վտանգավոր են դառնում նաև այդ հողի վրա: Հայաստանը տանելով դեպի Եվրասիա, իր զորքերը տեղակայելով Ղարաբաղ-Իրան սահմանագծում` Ռուսաստանը առևտրի նոր բնագիծ է նվաճում, ինչն Արևմուտքը թույլ տալ չի կարող:
Այնպես որ, այս երկու կողմերին էլ կարող էր ձեռնտու լինել Հայրիկյանի վրա կատարված մահափորձը շահարկելն ու դիվիդենդներ ձեռք բերելը: Որովհետև բոլորին է հասկանալի, որ թիրախն ամենևին էլ Հայրիկյանը չէ: Մեծ քաղաքականության մեջ ընդունված չափորոշիչ է` խփիր կողքինին, որպեսզի «հիմնականը» հասկանա իր անելիքը:
Սակայն բանն այն է նաև, որ մինչև հիմա միջազգային «աստղերի դասավորությունը», զարգացումները եղել են ի նպաստ Հայաստանի ու Սերժ Սարգսյանի, ով մանևրով կարողացել է հնարավորինս խուսափել մեծ կազուսներից:
Չերևացող պայքարում ինչ «ընթացակարգ» կկիրառեն «կողմերը», ինչպես նաև Սերժ Սարգսյանը, կերևա առաջիկայում:
Եվ այնուհանդերձ, Սերգեյ Լավրով-Ջո Բայդեն վերջին հանդիպումը, կարծես, փոքր-ինչ հուսադրող է, ու, ոնց որ, սառույցը մասամբ ուզում է հալվել:
Իսկ այդ հալոցքի տաքությունը Հայաստան կհասնի, թե ոչ, պետք է սպասել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ